Զախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին
17 Հուլիսի 2025, 18:30
Եվրամիության խոստացած՝ Հայաստանի ֆինանսավորման ավելացումը «դասական ստրկացման ժանր» է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում ներդնել մինչև 2,5 մլրդ եվրո Global Gateway նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաև 1,5 մլն եվրո հատկացնել այսպես կոչված «անկախ ԶԼՄ-ներին» աջակցելու համար՝ իբր «տեղեկատվական էկոհամակարգի» պահպանման նպատակով:
Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի և ՆԱՏՕ-ի կողմից շռայլ խոստումների պրակտիկան օգտագործվում է պայմաններ պարտադրելու և քաղաքական օգուտներ քաղելու համար: Նա ընդգծել է, որ Բրյուսելը հաճախ նույն միջոցներն է առաջարկում տարբեր անվանումներով, իջեցնում օգնության իրական ծավալները կամ ընդհանրապես չի կատարում խոստացվածը:
«Հնարավոր է՝ Հայաստանը որոշ պայմանավորվածություններ չի կատարել, և դրա արդյունքում ԵՄ-ն չի փոխանցել ավելի վաղ խոստացված ֆինանսական միջոցները»,- ընդգծել Է Մարիա Զախարովան։
Նա նաև նշել է, որ տնտեսական օգնությունն արդեն վաղուց վերածվել է ԵՄ-ի համար ճնշման և երրորդ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքի: