Հնարավոր է լավ գործեր անել նույնիսկ շրջափակման ժամանակ. Ստեփանակերտում բակային ճամբար է կազմակերպվել
08 Օգոստոսի 2023, 22:30
Շրջափակված Ստեփանակերտում՝ չնայած դժվարություններին, երեխաների ամառային առօրյան բակային ճամբարներում են կազմակերպում:
Գորգագործություն, կարպետագործություն, նկարչություն, ուլունքագործություն, կավագործություն, սպորտային, ժամանցային մրցույթներ ու խաղեր. Ստեփանակերտի թաղամասերից մեկում մեկնարկած բակային ճամբարի առօրյան է: Գաղափարը Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանինն ու խմբակավար Արմեն Գաբրիելյանինն է:
«Մենք Հադրութում ամեն տարի այսպիսի ճամբարներ էինք կազմակերպում ու որոշեցինք այստեղ ևս կազմակերպել: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրել ենք մոտ 100 երեխայի: Այս կարճ ժամանակում կարողացել ենք անցկացնել գորգի, կարպետի, նկարչության, ուլունքագործության, կավագործության դասընթացներ, ֆուտբոլի, հեծանվավազքի մրցումներ»,- artsakhtert-ի հետ զրույցում նշել է Իրա Թամրազյանը:
Ճամբարի համար նախատեսել էին 10 օր, բայց քանի որ տարբեր մրցույթների կազմակերպման մեծ աշխատանք են տանում, որոշել են երկարաձգել: Համոզված են՝ առանց լրացուցիչ միջոցների էլ հնարավոր է լավ գործեր անել՝ նույնիսկ շրջափակման ժամանակ: