ՀՕՖ-ը տրամադրել է 22 գիտական դրամաշնորհ
06 Հունիսի 2023, 22:00
Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Այս տարի մրցույթին ներկայացված 125 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 22-ը:
Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ այս տարի լրացուցիչ 1 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին։
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2023 թվականին 6 դրամաշնորհ է տրվել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերի, 4-ը՝ ֆիզիկայի, 4-ը՝ կենսաքիմիայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 2-ը՝ կենսատեխնոլոգիայի, 2-ը՝ հումանիտար և 1-ը՝ բուսաբանության ոլորտներն ուսումնասիրելու հայտերի համար։
Հաղթող գիտական խմբերի ղեկավարներից 8-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք: Խմբերում ընդհանուր առմամբ ընդգրկված են 70 գիտնականներ։
2001 թվականից սկսած՝ ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է 3292 դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ է ստացել 589 գիտական խումբ, որոնցում ընդգրկված է եղել 2170 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 945 հազար դոլար: