Հոլիվուդի «Մարի Փոստոյան» մանկապարտեզի նորոգված խաղահրապարակը անվանակոչվել է «Շուշի»

22 Օգոստոսի 2023, 11:36

Հայեր

Օգոստոսի 18-ին Հոլիվուդում տեղի է ունեցել Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի և ՀՕՄ-ի «Մայր» մասնաճյուղի հովանու ներքո գործող «Մարի Փոստոյան» ազգային մանկապարտեզի նորոգված խաղահրապարակի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա Արևմտյան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանը հայտարարել է՝ խաղավայրը կանվանակոչվի «Շուշի»։

«Թեև ներկայում Շուշի քաղաքն Ադրբեջանի կողմից խլված է հայության ձեռքից, բայց բազում մղոններ հեռու, հայաշատ այս շրջանում մանուկների խաղավայրը մենք կկոչենք «Շուշի»՝ քաղաքն իրենց հոգում կենդանի պահելու, և օրհնաբեր պահին նաև այն իր բնիկ տիրոջը` հայությանը վերադարձնելու աշխատանքին մղվելու համար: Շուշին այսօր անմահացնում ենք Հոլիվուդի սրտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու օրհնյալ տանիքի տակ»,- նշել է սրբազանը: