Հորդանանում հայկական դպրոց չկա. պարախմբիս հետ արձանագրում ենք նոր սովորած հայերեն բառերը. Կարալյան

17 Հուլիսի 2025, 23:00

Հայեր

Alpha News-ն այսօր զրուցել է Հորդանանում հայ համայնքի ներկայացուցիչ, պարուսույց Անի Կարալյանի հետ, ով ներկայացրել է հայ համայնքի կյանքն այնտեղ։

«Հորդանանում մոտ 3000 հայ կա, ունենք երկու ակումբ, եկեղեցիներ, որոնցից է Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցին։ Ներկայումս դպրոց չունենք, բայց վերոնշյալ կառույցներն ամեն բան անում են հայապահպանության համար։ Շատ ակտիվ է մեր Առաքելական եկեղեցին, որը կապված է Երուսաղեմի հետ։ Գործում է նաև «Օգնության խաչ» կազմակերպությունը, որն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում կարիքավոր հայերին»,- նշել է նա։

Կարալյանն իր սեփական պարային խումբն ունի և փորձում է ամեն բան անել, որ երեխաները որոշ չափով հայերեն սովորեն։

«Հորդանանում գործում է նաև իմ «Անի» պարային խումբը։ Երբ հիմնեցի պարախումբը, իմ առաջնային նպատակն այն էր, որ հայ երեխաները պահպանեն իրենց լեզուն։ Հիմա խմբիս կեսից ավելին հայեր են և սկսել են հաշվել, հայկական պարերն ու դրանց անունները սովորել։ Ես էլ այս կերպ եմ փորձում իմ համայնքին օգուտ տալ»,- նշել է Կարալյանը։