Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին․ Արցախի ՊՆ-ը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի կուտակումների մասին

17 Սեպտեմբերի 2023, 00:30

Քաղաքականություն

Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։

Այդ առնչությամբ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

«Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- նշված է հայտարարության տեքստում։