Հորմուզի նեղուցի փակումը հարվածել է էներգետիկ շուկային․ հետևանքները կզգացվեն նաև Հայաստանում». Մանվելյան

05 Մարտի 2026, 19:50

Քաղաքականություն

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը արդեն իսկ զգալի ազդեցություն է թողել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ նեղուցի փակումը նշանակում է համաշխարհային նավթի արտահանման մոտ 20 և գազի շուրջ 30 տոկոսի կասեցում։

«Պարզ է, որ սա արդեն ազդում է նավթի և գազի գների վրա։ Brent տեսակի նավթը Լոնդոնի բորսայում այս պահին մոտավորապես 80-82 դոլար է, կարող է է՛լ ավելի բարձրանալ»,- նշել է Մանվելյանը։

Նա նաև ընդգծել է, որ կտրուկ աճ է արձանագրվել եվրոպական գազի շուկայում․ «Գազի գները Եվրոպայում արդեն բարձրացել են մոտավորապես 45%-ով և, ամենայն հավանականությամբ, էլի կբարձրանան»։

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր խնդիրներին՝ նա հիշեցրել է Իրանի հետ գործող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի մասին և ընդգծել, որ Իրանում ստեղծված իրավիճակը կարող է ազդել դրա իրականացման վրա՝ պայմանավորված Իրանի գազի արդյունահանման դժվարություններով և էներգետիկ համակարգի խնդիրներով։

Նրա գնահատմամբ՝ ծրագրի դադարեցման դեպքում Հայաստանում հնարավոր է էլեկտրաէներգիայի արտադրության նվազում, ինչը կարող է հանգեցնել ներքին շուկայի վրա ճնշումների։