Հումանիտար բեռը հասցնե՛լ Արցախ. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ

20 Հուլիսի 2023, 21:12

Քաղաքականություն

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են։ Արդեն երեք օր է` «Բացում» նախաձեռնությունը պարեն, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ է հավաքագրում շրջափակված Արցախ ուղարկելու համար: Հավաքագրումն իրականացվում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նախաձեռնության անդամները ՄԱԿ-ից պահանջում են բեռները իր դրոշի ներքո Լաչինի միջանցքով տեղափոխել Արցախ։

Նախաձեռնության անդամներն ու կամավորներն այս պահին երթ են անցկացնում և «Արցա՛խ, մենք քեզ հետ ենք» վանկարկելով քաղաքացիներին հորդորում անտարբեր չգտնվել, միանալ իրենց:

«Մի՛ եղեք անտարբեր, դա հասցրել է այս իրավիճակին։ Մենք հավաքագրում են հումանիտար օգնություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, հավաքագրված բեռները հանձնելու ենք ՄԱԿ-ին, որը պետք է իրականացնի իր առաքելությունը եւ Լաչինի միջանցքով հասցնի Արցախ», — իրազեկման ակցիայի ընթացքում հայտարարում էին նախաձեռնության անդամները։

Հիշեցնենք, որ վերջին օրերին տարբեր նախաձեռնող խմբեր բողոքի ակցիաներ են անցկացնում Հայաստանում ՄԱԿ-ի և ԵՄ գրասենյակների առջև` փորձելով միջազգային հանրության ու կառույցների ուշադրությունը հրավիրել շրջափակված Արցախի աղետալի վիճակի վրա։

Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:

Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում