Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում

01 Հունիսի 2023, 13:55

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանի «Դինամո» մարզադահլիճում ներկա է եղել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարին և մասնակցել պարգևատրման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել:

Մրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, արժևորելով նմանօրինակ նախաձեռնությունները, շեշտել է անվանի մարզիկներին մեծարելու և նրանց հիշատակը ոգեկոչելու կարևորությունը:

«Հիանալի նախաձեռնություն է: Բենուր Փաշայանն այն ըմբիշն է եղել, որ արժանի է շատ ավելի խոշոր կարգի մրցաշարերի: Նա իսկապես մեծ համբավ ու ճանաչում է բերել մեր ազգին: Շատ լավ մրցաշար ստացվեց: Արդեն կարող եմ ասել, որ կայացած մրցաշար էր: Պետք է պահպանել նշաձողը, որ դրվել է»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է հատկապես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի ելույթները, որը տևական դադարից հետո վերադառնալով ըմբշամարտի մրցագորգ՝ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել ու դարձել ոսկե մեդալակիր:

«Մեր ըմբիշների համար սա ստուգողական մրցաշար էր: Անձամբ ինձ շատ ուրախացրեց Մաքսիմ Մանուկյանն իր հրաշալի գոտեմարտերով: Երկար դադարից հետո վերադառնալ 34 տարեկանում ու այդպիսի գոտեմարտեր հաղթել, իսկ եզրափակչում ֆանտաստիկ հնարքով ետ բերել գրեթե կորած գոտեմարտը, պարզապես հիանալի էր: Հուսամ՝ դեռ ասելիք ունի ու մեծ հաջողությունների կհասնի:

Տպավորիչ ելույթներ ունեցան նաև Շանթ Խաչատրյանն ու Սլավիկ Գալստյանը»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Հուշամրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Ռոբերտ Կարապետյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Արարատ Վարդերեսյանը (72 կգ) և Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանն ու Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հանի Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարում ցույց տված արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը: