Հունական և հայկական մշակույթների միահյուսումը իմպրեսիոնիստ նկարիչ Յանիս Կիրյակիդիի առաջին անհատական ցուցահանդեսում
24 Հոկտեմբերի 2023, 10:50
Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Արմենիա» տաղավարում տեղի է ունեցել հունահայ իմպրեսիոնիստ նկարիչ Յանիս Կիրյակիդիի առաջին անհատական ցուցահանդեսի բացումը:
Տաղավարում հավաքվել էին նկարչի բոլոր մտերիմ մարդիկ և արվեստի սիրահարները:
Չնայած այն հանգամանքին, որ Յանիսը վաղ տարիքում զբաղվել է նկարչությամբ, նկարիչը պատմել է, որ 15 տարի չի նկարել և այսքան երկար դադարից հետո կրկին որոշել է ստեղծագործել:
Յանիս Կիրյակիդիի վերջին աշխատանքներն ուղղված են հայ ժողովրդի և նրանց մշակույթի վերաբերյալ իր ընկալումների արտացոլմանը: Այս զբաղմունքը թույլ տվեց նրան ավելի լավ ուսումնասիրել հայ ժողովրդին և խորանալ իր արմատների մեջ։
Հարկ է նշել, որ հատուկ «Արմենիա» տաղավարի համար Յանիսը նկարել է 4 նկար՝ «Կրիա», «Երկու աշխարհների միաձուլում», «Աղերսանք աստվածությանը», «Վերամիավորում»:
Նկարչի աշխատանքներից մեկում, որը կոչվում է «Երկու աշխարհների միաձուլում», կարելի է նկատել հայկական և հունական մշակույթների միահյուսումը: Նկարում պատկերված են 5 նուռ և 7 ձիթապտուղ, որոնք խորհրդանշում են 12 առաքյալներին, իսկ պտուղները պատկերված են 33 սանտիմետրանոց կտավների վրա, որոնք խորհրդանշում են Քրիստոսի տարիքը: