Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումը

14 Նոյեմբերի 2023, 23:25

Քաղաքականություն

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` «Սիրիզա-Առաջադեմ դաշինք»-ը, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև ԼՂ բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը:

Այս մասին նշել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսը Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։

Ֆամելոս Սոկրատիսն ընդգծել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության աջակցությունը՝ Բրյուսելի կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ դատապարտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու ադրբեջանական ցանկացած փորձ։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ իրենց բնակավայրեր վերադառնալ ցանկացողների իրավունքների ու անվտանգության երաշխավորման, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը։