Հունաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու հարցում. Միցոտակիս
27 Փետրվարի 2024, 17:20
Դիվանագիտական տեսանկյունից Հունաստանը մշտապես կաջակցի Հայաստանին` Ադրբեջանի հետ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր, քանի որ միայն Երևանի և Բաքվի միջև կայուն համաձայնագիրը ճանապարհ կհարթի դեպի ավելի լավ ապագա Հարավային Կովկասի համար: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Նա հավելել է, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
«Միայն համատեղ բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, միայն ժողովուրդների զարգացումը կարող է խանգարել տոտալիտար առաջնորդների ծրագրերը», — հայտարարել Է Հունաստանի վարչապետը:
Նա նշել է, որ Հունաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության հետագա զարգացման օգտին՝ հիշեցնելով, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Խոսքը ռազմատեխնիկական ուղղության, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական և մարտավարական պատրաստության և այլ հարցերի մասին է։
Միցոտակիսի խոսքով՝ Հայաստանն ու Հունաստանը միասնական մոտեցում են ցուցաբերում տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հանդես գալով ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի դեմ: «Հայկական կողմի հետ քննարկվում են հետագա համագործակցության ամրապնդման մեխանիզմները», — հայտարարել է նա: