Հունաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ միջոցառում է կազմակերպվել

24 Ապրիլի 2025, 16:10

Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Ինչպես հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը, պաշտոնական ելույթներից առաջ Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման երեք հիմնական ուղղությունների կարևորությունը: Այդ ուղղություններն են ժխտողականության դեմ պայքարը, ցեղասպանության դասավանդման անհրաժեշտությունը ոչ միայն համալսարաններում, այլ նաև միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև հիշատակման օրերի իմաստը և նշանակությունը։

Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հույն հոգևորական, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիզանթոս Ֆիլիպիդիսին, ով 1915-1916 թթ. հանդես է եկել հայերի պաշտպանությամբ, hայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։