Հունգարիայի պետական օպերայի թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան

17 Հոկտեմբերի 2023, 11:35

Մշակույթ

Բուդապեշտում Հունգարիայի պետական օպերայի թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին։

Ինչպես տեղեկանում ենք Հունգարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, պրեմիերային հրավիրված է եղել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Բալետի աշխարհի լավագույն գոհարներից մեկը՝ «Սպարտակ»-ը, ներկայացվեց աշխարհահռչակ հունգարացի խորեոգրաֆ Լասլո Շերեգիի դեռևս տարիներ առաջ մշակած բեմադրությամբ։ Այս բեմադրությունը տասնյակ տարիներ շրջել է աշխարհի տարբեր բեմահարթակներում՝ արժանանալով բալետի սիրահարների բարձր գնահատանքին և հիացմունքին, և այս տարի մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակի կապակցությամբ այն մեծ շուքով վերադարձավ իր ծննդավայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Սպարտակ» բալետի ներկայացումը Բուդապեշտի օպերայի շենքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը՝ գրեթե ամենօրյա ցուցադրությամբ։