Հունիսի 16-ին տեղի կունենա «Հայատյացություն» գրքի շնորհանդեսը
15 Հունիսի 2023, 19:30
2023թ. hունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հաատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի «Հայատյացություն» անգլերեն թարգմանությամբ գրքի շնորհանդես-մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
«Աշխատանքի հիմքում ընկած են միջազգային կառույցների կողմից ընդունված իրավական ակտերը, պաշտոնական փաստաթղթերը, քրեագետների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, ինչպես նաև հայ հեղինակների գիտական աշխատությունները, ձեռնարկները, հոդվածները և այլն:
Սույն մենագրության թեմայի ընտրությունը պայմանավորված է մի շարք կարևոր հանգամանքներով, մասնավորապես՝ առարկայական քննարկելու 1918թ. մինչև մեր օրերը Ադրբեջանում տարվող հայատյացության աստիճանավանդակը, ընթերցողին ծանոթացնելու Ադրբեջանում պետական մակարդակով իրականցվող հայատյացությանը և այլն:
Գրքում տեղ են գտել միջազգային իրավունքի աղբյուրները՝ միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձևերը, պայմանագրերը, կոնվենցիաները և այլն, Ադրբեջանի ներպետական օրենսդրությունը՝ հարակից Սահմանադրություն, օրենսգրքեր և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններ:
Գիրքը նպատակ է հետապնդում հայ-ադրբեջանական հարաբերությունները վերլուծել իրավական ոլորտում, հնարավորություն ընձեռելով հետաքրքրվող անհատին մեր օրերում Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության մակարդակի մասին իրավական լիարժեք պատկերացում կազմել:
Գիրքն իր տեսակով վերլուծության նոր ձև է, որը Ադրբեջանում հայատյացությունը ներկայացնում է իրավունքի տեսանկյունից՝ իր հիմքում դնելով քրեական իրավունքը:
Գրքում առկա են մի շարք փոփոխություններ.
-Թարմացվել է գրքում առկա ամբողջ իրավական բազան՝ այն համապատասխանեցվել է 2023թ. Ադրբեջանում գործող իրավակարգավորող նորմերին։
-Ներառվել է առանձին բաժին, որտեղ 8 էջի սահմաններում, նկարներին ներդրմամբ, ավելի պատկերավոր ներկայացված են Ադրբեջանում երեխանների ընկալմամբ արտահայտված հայատյացությունը։
-Բովանդակությունը նույնպես ենթարկվել է փոփոխության։
Հիշեցնենք, որ գիրքը հայերեն հրատարակվել էր 2018թ»,- հայտնում է նա։