Հուսով եմ` առիթ չենք ունենա գեներալի հետ տեղի ունեցողը կապել այլ գործընթացի հետ. Մետաքսե Հակոբյան
15 Հուլիսի 2023, 12:00
Ես չեմ տեսել մեկ արցախցու, որը չանհանգստանա Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ճակատագրով, կամ որի համար ընդունելի, ընկալելի լինի այն, ինչ տեղի է ունենում նրա հետ։
Alpha Newsroom-ի եթերում մեկնաբանելով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված քրեական գործն՝ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը զերծ մնաց մեկնաբանել հարուցված քրեական գործը՝ շեշտելով միայն, թե չի հավատում, որ այն քաղաքական պատվեր է։
«Ես չեմ ուզում մեկնաբանել Վիտալի Բալասանյանի հետ կապված քրեական գործը, որովհետեւ այն, ինչ, որ ես կասեմ, դա կլինի զուտ իմ ենթադրությունը։ Ես չեմ ուզում համեմատել Արցախի գործընթացները Հայաստանում տեղի ունեցածի հետ, որովհետեւ եթե մենք մի վայրկյան անգամ մտածենք դրանց նմանության մասին, ուրեմն պետք է մեր ձեռքերը բարձրացնենք ու հանձնվենք։ Ես չեմ ուզում հավատալ, որ այս գործընթացը կարող է երկարաձգվել կամ էլ դառնալ այնպիսի գործ, ինչպիսին Մանվել Գրիգորյանի գործն էր։
Հուսով եմ՝ ամեն ինչ կվերականգնվի, անընդհատ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ իրավիճակը։ Կարող եմ ասել, որ գեներալի կյանքին վտանգ չի սպառնում, բայց ես դեռեւս չեմ ուզում մտնել մեկնաբանությունների դաշտ ու հավատալ, ընկալել, որ դա քաղաքական պատվեր է, կամ էլ փորձում են նրան մեկուսացնել, Արցախում այդ արժեքները ուրիշ կերպ են ընկալվում։
Իհարկե, դատապարտելի է այն ամենը, ինչ տեղի է ունում, որովհետեւ փաստաբանն ասաց, որ լուրջ իրավական հիմքեր չկան, որպեսզի Վիտալի Բալասանյանին ձերբակալված պահեն։ Հուսով եմ, որ մենք առիթ չենք ունենա գեներալի հետ տեղի ունեցող գործընթացը կապել մեկ այլ գործընթացի հետ»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, նրա որդին եւ քեռորդին ձերբակալվել են։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ։
Արցախի դատախազության փոխանցմամբ, հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վիտալի Բալասանյանին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում Վիտալի Բալասանյանը կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ, իսկ երբ իրավապահները փորձել են հեռացնել Բալասանյանին խուզարկության կատարման վայրից, Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն եւ Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել նրանց եւ դիմադրություն ցույց տալով փորձել են խոչընդոտել նրանց գործողություններին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով եւ 337-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Արցախի դատախազությունից անդրադառնալով Վիտալի Բալասանյանի որդու մեղադրանքին՝ հաղորդել են, որ Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ն այդ գումարը օգտագործել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը հուլիսի 14-ին վատթարացել է: Նա սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, տեղափոխվել է հիվանդանոց։