Հուսով եմ՝ կովկասյան համագործակցության հանդիպման արդյունքները կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը. Ռայիսի
24 Հոկտեմբերի 2023, 16:55
Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «աշխարհի ազատասեր ժողովուրդներն ու ազատ ազգերը հույս ունեն, որ Ռուսաստանը, հաշվի առնելով Անվտանգության խորհրդում իր դիրքորոշումը, կկանխի ամերիկացիների մտահղացումների իրականացումը»:
parstoday.ir-ի փոխանցմամբ՝ Ռայիսին «Կովկասյան համագործակցության խմբի» նիստին մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած Լավրովի հետ հանդիպմանը օտարերկրացիների միջամտությունը գնահատել է որպես խնդիրների սրման աղբյուր և հույս հայտնել, որ Թեհրանում կայացած հանդիպման արդյունքները կհանգեցնեն տարածաշրջանում անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծմանը:
Իր հերթին, Լավրովը, ընդգծելով Ռուսաստանի հավատարմությունը իր բոլոր համաձայնագրերի կատարմանը և Իրանի հետ տնտեսական, առևտրային, տրանսպորտային, մշակութային և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը, հայտարարել է, որ Թեհրանում «3+3» հանդիպմանը մասնակցությունը Իրանի հետ Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցության դրսևորում է:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնումը կարող է ապահովել նրանց բոլորի շահերն ու զարգացումը, և անցած հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն առանց կողմնակի տերությունների միջամտության: