Հույն զինվորները վանկարկել են՝ «Կիպրոսը հունական է», և սկսել են հայհոյել Թուրքիային. Էքիզյան
27 Մարտի 2025, 11:55
Հունաստանի անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ հույն զինվորները վանկարկել են՝ «Կիպրոսը Հունաստան է, թող գրողի ծոցը կորչի Թուրքիան»:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հունաստանի «Ազատ օր» թերթի գլխավոր խմբագիր Քերոբ Էքիզյանի հետ:
«Նման վանկարկում բոլոր ջոկատները չեն արել, դա եղել է միայն մեկը: Այն նավաստի ենթասպաների վարժարանի մեկ ջոկատն էր: Նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Ուղղակի խնդիրն այն է, թե որ տեսանկյունից պետք է քննել տեղի ունեցածը: Եթե պետական կամ քաղաքական տեսանկյունից նայենք, ապա դա չպետք է արդարացվի: Չնայած արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ այդ ջոկատի զինվորները և նրանց պատասխանատու սպաները պետք է պատժվեն, քանի որ նման պահվածքն անընդունելի և հարիր չէ բանակին: Բայց երբ ժողովրդին ենք հարցնում, տեսնում ենք, որ նրանք շատ դրական են վերաբերվել այս քայլին: Բայց այնուամենայնիվ բանակի կողմից նման հայհոյանքն անընդունելի է, քանի որ Հունաստանն ու Թուրքիան ունեն լուրջ խնդիրներ»,- նշել է Էքիզյանը:
Խոսելով Հունաստանի և Թուրքիայի ներկա հարաբերությունների մասին՝ Էքիզյանն ասել է, որ երկուսն էլ հիմա ձգտում են տարածաշրջանում խաղաղության:
«Ծայրահեղ աջակողմյանները մեկնաբանել են տեղի ունեցածը՝ նշելով, որ զինվորները ճիշտ են արել, ցույց են տվել իրենց մարտունակությունը և հստակ ասել, թե ով է իրենց թշնամին: Իսկ այ ձախակողմյանները շատ բուռն են արձագանքել տեղի ունեցածին և խիստ դատապարտել: Ինչ վերաբերում է նրան, թե կարո՞ղ էր սա ի սկզբանե ծրագրված լինել հենց ղեկավարության կողմից, կարծում եմ՝ ոչ: Սա հենց զինվորների կողմից մտածված ակցիա էր: Այժմ Հունաստանն էլ, Թուրքիան էլ ձգտում են տարածաշրջանում խաղաղության»,- եզրափակել է Էքիզյանը: