Հույս ունեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը շուտով կվերադառնա ԵԽԽՎ. ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավար
18 Ապրիլի 2024, 10:35
«Ես կարծում եմ, որ մենք պետք ենք միմյանց և հուսով եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունը շուտով կվերադառնա իր տեղը խորհրդարանական վեհաժողովում», — հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար, Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Հասլերը՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նստաշրջանի ժամանակ պատասխանելով իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանի հարցին:
Գավան հարց ուղղեց այն մասին, որ Ադրբեջանի պատվիրակությունը շարունակում է մնալ ԵԽ Նախարարների կոմիտեում այն ժամանակ, երբ հայերը շարունակում են մնալ աքսորում և չեն կարողանում տուն վերադառնալ՝ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև, թե ինչ երաշխիքներ կան, որ ադրբեջանական պատվիրակությունը չի վերադառնա ԵԽԽՎ:
«Հուսով եմ, որ պատվիրակության շուտափույթ վերադարձի դեպքում կողմերի միջև կշարունակվի համագործակցությունն ու երկխոսությունը՝ ի շահ այն արժեքների, որոնք միավորում են մեզ։ Որպես նախարարների կոմիտեի նախագահ՝ ես կազմակերպել եմ այդ հարցի եռակողմ քննարկում վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ՝ բոլորի համար առավել ընդունելի լուծում գտնելու նպատակով, որը թույլ կտա ԵԽ-ին շարունակել այն աշխատանքը, որը նա կատարել է վերջին 75 տարիների ընթացքում», — հայտարարել է Հասլերը։
Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակության վերադարձը կարևոր է ընդհանուր գաղափարները պաշտպանելու և առաջ մղելու համար, հատկապես կազմակերպության 75-ամյակի տոնակատարությանը, և որ դա նաև խորհրդանշորեն կընդգծի, որ Եվրոպայի խորհուրդը եզակի հարթակ է առաջարկում 46 անդամ պետությունների կառավարությունների և խորհրդարանների միջև բազմակողմանի համագործակցության համար՝ Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարգման գործում:
«2001թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, նա շահեց, ինչպես նաև ԵԽ-ն շահեց Ադրբեջանից՝ իր արժեքներն առաջ տանելու և իր ընդգրկումն ընդլայնելու համար: Դա փոխշահավետ համագործակցություն է, և այդ աշխատանքը չի ավարտվել, այն պահանջում է լուրջ բարեփոխումներ», — հավելել է Լիխտենշտեյնի ԱԳ նախարարը։