Հույս ունենք՝ Ադրբեջանի պատվիրակությունը կվերադառնա ԵԽԽՎ․ Դոմինիկ Հասլեր
18 Մայիսի 2024, 15:02
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախկին նախագահ, Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը հույս ունի, որ Ադրբեջանի պատվիրակությունը շուտով կվերադառնա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) աշխատանքի:
«Ես կրկնում եմ այն, ինչ ասել եմ ԵԽԽՎ-ում. հավատում եմ, որ մենք իրապես միմյանց կարիքն ունենք և հուսով եմ, որ Ադրբեջանի պատվիրակությունը շուտով կվերադառնա վեհաժողովում աշխատանքի, որպեսզի մեր համագործակցությունն ու երկխոսությունը շարունակվեն՝ ի շահ մեզ միավորող արժեքների։ Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը, հուսով եմ, որ խնդիրները հնարավորինս արագ կլուծվեն», — հայտարարել է Հասլերը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը մեկ տարով զրկվել է լիազորություններից։ ԵԽԽՎ հունվարյան բանաձևում խիստ քննադատություն էր պարունակվում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ նշվում էր Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, Լաչինի միջանցքի շրջափակումը և հայերի ելքն իրենց պատմական հայրենիքից, ինչպես նաև Մարդու իրավունքների վիճակը երկրում, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը: Նշված բոլոր խնդիրների մեջ իրավիճակի շտկումն առաջ է քաշվել որպես Ադրբեջանի պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալու նախապայման։
Վերջերս ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամադլիի ձերբակալությունը դատապարտեց գերմանացի հայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ֆրանկ Շվաբեին, ով ակտիվորեն մասնակցում էր ԵԽԽՎ նիստին՝ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ: Շվաբեն X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում դատապարտել է իրավապաշտպանի ձերբակալությունը և ընդգծել, որ ադրբեջանական պատվիրակությունը տեղ չունի կազմակերպությունում և չպետք է վերադառնա ո՛չ հունիսին, ո՛չ հունվարին:
Սակայն, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն ակնհայտորեն ունի իր ծրագրերը և «Ադրբեջանի հետ միավորող արժեքները», որոնք, ըստ երևույթին, պահանջում են Ադրբեջանի պատվիրակության շուտափույթ վերադարձը ԵԽԽՎ։