Հովհաննես Ավոյան․ Ստարտափներից մինչև համաշխարհային հաջողություն տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում

23 Մարտի 2025, 23:15

Հայեր

Մարտի 23-ը ամերիկահայ հայտնի գործարար և գիտնական Հովհաննես Ավոյանի ծննդյան օրն է:

Հովհաննես Ավոյանը ծնվել է 1965թ. Երևանում։ Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի բակալավրը: Այնուհետև ստացել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հարվարդի բիզնես դպրոցի Bertelsmann միջազգային մեդիա կոնցերնի «Ավագ գործադիր տնօրեն» ծրագիրը։

Նա Picsart ընկերության և համանուն հավելվածի հիմնադիրն է, որը ներբեռնվել է ավելի քան 1 միլիարդ անգամ։ Այն, ըստ Forbes-ի, գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:

Picsart-ից բացի, Ավոյանը դարձել է ևս հինգ ստարտափերի հիմնադիր, որոնք հաջողությամբ ձեռք են բերվել համաշխարհային խոշոր ընկերությունների կողմից, դրանք են Lycos-ը, Bertelsmann-ը, GFI-ն, Teamviewer-ն և Helpsystems-ը։

Ավոյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ինֆորմատիկայի դասախոս է և հրավիրված դասախոս Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում: Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ ծրագրավորման և գլոբալ բիզնեսի կառավարման ոլորտում: Ակտիվորեն մասնակցում է կոնֆերանսների, որտեղ կիսում է իր փորձը տարբեր հարցերի շուրջ, ներառյալ բիզնես ռազմավարությունները, միջազգային թիմերի ստեղծումը և արհեստական ինտելեկտի զարգացումը:

Ավոյանի հիմնադրած առաջին ընկերությունը կոչվում էր CEDIT, այն զբաղվում էր ծրագրային ապահովման մշակմամբ։ 2007 թվականին գիտնականը հիմնադրել է Monitis Inc ընկերությունը, որը վեբ-մոնիտորինգի ծառայություններ է մատուցում։ Ավոյանն ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանում data science և machine learning ոլորտներում կրթական հաստատությունների ստեղծման օգտին և ակտիվորեն աջակցում է իր երկրում արհեստական բանականության զարգացմանը: