Հովհաննես Այվազովսկու ծննդյան 208-ամյակին նվիրված միջոցառում՝ Սիմֆերոպոլում
30 Հուլիսի 2025, 14:22
Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Այվազովսկի եղբայրների հուշարձանին ծաղիկների հանդիսավոր խոնարհում՝ նվիրված մեծ ծովանկարիչ Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկու ծննդյան 208-ամյակին։
Միջոցառումը համախմբել էր քաղաքի բազմաթիվ բնակիչների և հյուրերի, որոնք եկել էին հարգելու նկարչի հիշատակը, ում ստեղծագործությունները շարունակում են ոգեշնչել սերունդներին։ Հիշատակի միջոցառման շրջանակներում կազմակերպվել է ժամանակակից նկարիչների կտավների ցուցահանդես՝ ոգեշնչված Այվազովսկու ժառանգությամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վերա Պաուտովան, Ղրիմի հայկական ընկերության նախագահի տեղակալ Արթուր Հայրապետյանը և Սիմֆերոպոլի վարչակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Իսլյամ Ուսեինովը։
Հատուկ մթնոլորտ են հաղորդել «Արարատ» անսամբլի սաների ելույթները. Մարիա Թովմասյանը ընթերցել է Այվազովսկուն նվիրված բանաստեղծություն, իսկ Մարիաննա Բելչենկոն և Սոֆիա Աբելյանը պարային բեմադրություն են ներկայացրել:
Միջոցառումն ավարտվել է խորհրդանշական ժեստով. մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նկարչին, ով աշխարհին պարգևել է լույսով լի ծովային անծայրածիր տարածություններ և արվեստ, որն ապրում է սրտերում։




