Հովհաննես Իշխանյանի ֆիլմը՝ Լայպցիգի DOK կինոփառատոնի մրցանակակիր

04 Նոյեմբերի 2023, 20:45

Մշակույթ

Հոկտեմբերի 8-ից 15-ը կայացած Լայպցիգի 66-րդ վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: «Ազգը» գրում է, որ ժյուրիի որոշմամբ` ֆիլմն արժանացել է երկրորդ՝ «Արծաթե աղավնի» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Ի դեպ, ֆիլմն առաջադրված էր եւս երեք մրցանակների:

Իշխանյանն իր հաղթանակը նվիրել է արցախահայերին.

«Վավերագրական ֆիլմերի ամենահին՝ Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի արծաթե Աղավնին նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանի ալիեւյան ռեժիմը սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել՝ առանց սննդի եւ դեղորայքի, ոմանք սովամահ են եղել… Եվ նվիրում եմ, մասնավորապես, Վագիֆ Խաչատրյանին, որին առեւանգել են Կարմիր խաչի մեքենայից ու որը մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Բաքվի բանտում»,- ասել է Հովհաննես Իշխանյանը:

Լայպցիգի DOK-ը առաջին դասի գերմանական հնագույն կինոփառատոններից է եւ ամենամեծերից մեկն աշխարհում: Այս տարի 11 հարթակներում ներկայացված են եղել 225 ֆիլմեր եւ XR-աշխատանքներ շուրջ 60 երկրներից. ընդհանուր առմամբ ներկա է եղել 45000-ից ավելի հանդիսատես: