Հովհաննես Մարգարյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել և դարձել Եվրոպայի չեմպիոն
29 Հուլիսի 2025, 19:50
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն», — ասված է հայտարարության մեջ։
Ըստ նախարարության՝ Հայաստանի տղամարդկանց թիմը՝ 1738 միավորով, նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։
«Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572 միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը՝ 1685 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ», – նշված է հայտարարությունում։
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։