Հովհաննես Շարամբեյան. ավանդույթները վերականգնած նկարիչը

17 Օգոստոսի 2025, 20:00

Հայեր

Հովհաննես Միհրանի Շարամբեյանը ծնվել է 1926թ.օգոստոսի 17-ին Երևանում:

Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ապա ՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրանց զարգացման ուղղությամբ։

1947 թվականին Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա,։ Դիլիջանում նա երկար տարիներ եղել է Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման ուղղությամբ՝ ստեղծելով էսքիզներ, նախագծելով դետալներ, ոգեշնչելով վարպետներին: Նրա ջանքերով հիմնադրվել են երկու եզակի թանգարաններ՝ Երևանի ժողովրդական արվեստների թանգարանը (1978 թ.) ևԴիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը (1979 թ.), որոնք այսօր կրում են նրա անունը:

Որպես նկարիչ՝ Շարամբեյանը ստեղծել է տասնյակ կտավներ, որոնցում արտացոլել է հայոց հողի ոգին՝ «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Էջմիածնի հին տները», «Գարուն», «Հեթանոսական տաճարի ավերակները»: Նրա աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և մասնավոր հավաքածուներում: 1983 թվականին նա դարձել է «Անուշ» ֆիլմի գլխավոր նկարիչը՝ ֆիլմին տալով նույն ազգագրական խորությունը, ինչ իր կտավներին։

Հովհաննես Շարամբեյանը մահացել է 1986 թվականի մայիսի 11-ին։ Նրա ժառանգությունը շարունակում է ապրել թանգարաններում, փողոցներում, նկարներում և ժողովրդի հիշողության մեջ: Նա արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի և արվեստի վաստակավոր գործչի կոչումների:

Հիմա եթերում