Հովհաննես Շիրազ․ 20-րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչը

27 Ապրիլի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 27-ին լրանում է մեծանուն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը:

Շիրազը միանշանակ հայ պոեզիայի դասական է։ Բանաստեղծն իր ստեղծագործություններում արտահայտել է սերը բնության, հայրենիքի, մոր և աշխարհի նկատմամբ։

Հովհաննեսը ծնվել է Գյումրիում 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Շիրազն իր ծննդյան տարեթվի շուրջ առաջացած հարցի հետ կապված արձակագիր Հայկ Խաչատրյանին պատմել է․ «1915-ը ինչպես բոլոր հայերի, այնպես էլ մորս համար եղել է սև թվական։ Իմ բախտավորությամբ մտահոգված մայրս ուզում էր շրջանցել, իմ կենսագրությունից հեռացնել այդ թվականը։ Հետևապես պիտի հայտներ, որ ես ծնվել եմ կամ 1916-ին, կամ 1914-ին։ Ընտրեց վերջինը, որպեսզի որդին մի տարով մեծ երևա։ Չէ՞ որ բոլոր մայրերն էլ շտապում են մեծ տեսնել իրենց զավակներին։ Սա է իմ ծննդյան թվականի պատմությունը։ Այն գիտական թնջուկ դարձնելու կարիք չկա։ Իրականում ես ծնվել եմ 1915-ին»։

Շիրազը մեծացել է որբերի կացարանում, մինչև որ շուկայում պատահաբար գտել է մորը։

Շիրազը կեղծանունն է, որը ընկերները հորինել են նրա համար: «Քո պոեզիան Շիրազ քաղաքի վարդերի պես գեղեցիկ է», — ասում էին նրան:

Երևանի պետհամալսարանի բանասիրությունն ավարտելուց հետո նրան անմիջապես ուղարկում են Մոսկվա՝ սովորելու Գորկու անվան գրական ինստիտուտում:

Շիրազն անմիջապես հայտնի դարձավ։ Երիտասարդ բանաստեղծը համարձակորեն խոսեց Ցեղասպանության մասին, բարձրաձայնեց այն, ինչ զգացել է ողջ հայ ժողովուրդը։

Նա իր ստեղծագործություններում հատուկ ընդգծել է սերը կյանքի, ծնողների և երեխաների հանդեպ, շատ է գրել Արարատի վեհության մասին։

Երևանի այգիներից մեկում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց ոչ հեռու, 2005 թ. տեղադրվել է ժողովրդական բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանը: