Հովսեփ Կարալյան. Թիֆլիսից Երևան՝ Սայաթ-Նովայի կերպարի կերտման ճանապարհը

01 Փետրվարի 2025, 22:27

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 1-ը անվանի նկարիչ Հովսեփ Կարալյանի ծննդյան օրն է, ում անունը հավերժ մնաց գեղանկարչության պատմության մեջ։

Հովսեփ Կարալյանը ծնվել է 1897 թվականին Թիֆլիսում գինու վաճառականի ընտանիքում։ Նրա ստեղծագործական ուղին սկսվել է Թիֆլիսի գեղարվեստի դպրոցից, որտեղ նա սովորել է այնպիսի վառ անհատականությունների հետ, ինչպիսիք են քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարը, ճարտարապետ Կարո Հալաբյանը, գեղանկարիչներ Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո) և Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը։

Երիտասարդ Կարալյանն ապրել է Թիֆլիսում մինչև 1930-ականների սկիզբը, ապա տեղափոխվել Մոսկվա, որտեղ ուսումը շարունակել է բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Տարիներ անց նա հաստատվում է Երևանում, որը նրա ստեղծագործության ամենավառ շրջանն էր։

Նա գրավել է աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ուշադրությունը, ով Կարալյանին առաջարկել է դառնալ «Նռան գույնը» ֆիլմի Էսքիզների հեղինակը: Փարաջանովը, հիացած նկարչի յուրահատուկ զգայունությամբ, նրան ասել է՝ «Կամ Դուք, կամ ոչ ոք», և այդպես Կարալյանին համոզել է ստեղծել Սայաթ-Նովայի մասին ֆիլմի վիզուալ պատկերը։

«Կարալյանի ստեղծագործությունը լուռ կարոտ է մանկության կորսված երկրի հանդեպ, որն ապրում է միայն երազների ու երևակայության մեջ։ Այս երկիրն այլևս գոյություն չունի, քանի որ դարաշրջանն այլևս գոյություն չունի: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդու մանկությունն, այնպես էլ նրա հիշողությունները եզակի են և անկրկնելի: Դրանք պահպանվում են միայն արվեստի միջոցով»,- ասել է արվեստաբան Հենրիխ Իգիթյանը։

Կարալյանը Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայում ձևավորել է Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»-ը (1935 թ., ռեժիսոր Ռ. Սիմոնով)։ Ստեղծել է պլակատներ (Պետրոս Բարխուդարյանի «16-րդը» ֆիլմի համար — 1929, «Լենին», 1956 թ., «Արդյունաբերական էլեկտրականությունը տրված է ժամկետին», 1957 թ.), ձևավորել է գրքեր, զբաղվել է մանկավարժությամբ։

Նկարչի աշխատանքները ներկայացվել են Թուրքիայում, Բուլղարիայում և Հունգարիայում կայացած միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Երևանում 1968 և 1983 թթ-ին, Մոսկվայում և Նովոսիբիրսկում ՝ 1969 թվականին։

Այսօր նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Թումանյանի տուն-թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։