Հրաչյա Անդրեասյան. Հայոց բանակի լեգենդար զորահրամանատարը
31 Հունվարի 2025, 21:42

Հրաչյա Անդրեասյանը խորհրդային զորահրամանատար է, գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս։ 1992-1992 թթ-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Հրաչ Անդրեասյանը ծնվել է Կրասնոդարում ՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների ընտանիքում, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին ապաստան են գտել Ռուսաստանում: 1943 թվականին ընդունվել է Սուվորովի անվան ռազմամարզական ուսումնարան, որն ավարտել է ոսկե մեդալով ՝ իր ճակատագիրը ընդմիշտ կապելով ռազմական գործի հետ։
Զինվորականը նշանակալից հետք է թողել Հայաստանի զինված ուժերի ստեղծման պատմության մեջ։ 2001 թվականին նրա կյանքի մասին գիրք է գրել ՀՀ ԶՈւ-ի հետախուզության վարչության նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Ի.Գ. Ղուկասովը: Վերջերս գիրքը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ՝ լրացուցիչ նյութերով։
Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։
Բարդ իրավիճակում, երբ պահանջվում էր պաշտպանություն և հակահարձակում, հակառակորդի հարձակումը հետ մղելու պատասխանատվությունը դրվել է գլխավոր շտաբի պետ Հրաչյա Անդրեասյանի վրա:
1994 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը նա ժամանել է Վարդենիսի շրջան և մինչև մարտի վերջ գտնվել մարտական գործողությունների գոտում։ Գեներալը փայլուն կատարել է իր առջև դրված խնդիրը.փետրվարի սկզբին հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ է կրել և սպառելով իր ռեսուրսները՝ սկսել է հետզհետե նահանջել: Հայկական զորքերը դուրս են եկել Օմարի լեռնանցք ՝ վերադառնալով նախկինում գրաված սահմաններին։
Գործողության ընթացքում գեներալ Անդրեասյանն օրերով չի քնել, օպերատիվ կերպով լուծել է մարտական խնդիրները և ենթակաների հետ կիսել ռազմաճակատի կյանքի բոլոր դժվարությունները։ Հենց նրա ջանքերի շնորհիվ խափանվել է «Մուրովդաղ» գործողությունը, որն, ի վերջո, ստիպել է Ադրբեջանին ձգտել զինադադարի, որը ստորագրվել է 1994 թվականի մայիսին Բիշքեկում: Նույն թվականին Հրաչյա Անդրեասյանը հրաժարական է տվել։
Զորացրվելուց հետո գեներալը տեղափոխվել է Դոնի Ռոստով, սակայն շարունակել է ամեն տարի գալ Հայաստան, հանդիպել երկրի և բանակի ղեկավարության հետ: Շատերը հավատում էին, որ նա կարող է վերադառնալ ծառայության։
2000 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի առթիվ, Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրաչյա Անդրեասյանին պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով ՝ երկրի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Հրաչյա Անդրեասյանը մահացել է 1999 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում։ Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։
2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Հրաչյա Անդրեասյանը հետմահու արժանացել է Ազգային հերոսի կոչման։