Հրաչյա Պողոսյան․ Ճարտարապետ, որի ժառանգությունը ոգեշնչում է սերունդներին
28 Հունվարի 2025, 23:54
Հունվարի 28-ը հայ մեծանուն ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի ծննդյան օրն է, նա դառնում է 90 տարեկան:
Հրաչյա Պողոսյանը վառ անհատականություն է և խոր հետք է թողել ինչպես իր հայրենի երկրի, այնպես էլ միջազգային ասպարեզում ճարտարապետական մշակույթի մեջ: Նա տաղանդավոր ճարտարապետ Իզա Չոլախյանի ամուսինն է, ում հետ կիսել է ոչ միայն անձնական կյանքը, այլև ստեղծագործական ձգտումները:
1959 թվականին Հրաչյա Պողոսյանն ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, որից հետո շուրջ 40 տարի աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում: 1974 թվականից Պողոսյանը զբաղեցնում էր Հայաստանի ճարտարապետների միության քարտուղարի պաշտոնը և ակտիվորեն մասնակցում երկրի ճարտարապետական դիմագծի ձևավորմանը: 1990-ականների սկզբին Հրաչյա Պողոսյանը կատարում էր «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրենի պարտականությունները՝ նշանակալի ներդրում ունենալով հայկական ճարտարապետության զարգացման գործում։
Հրաչյա Պողոսյանը Աբովյան և Սևան քաղաքների գլխավոր հատակագծերի հեղինակն է, համահեղինակ այնպիսի նշանավոր ճարտարապետների հետ, ինչպիսիք են Թարխանյանը, Խաչիկյանը և Չերքեզյանը։ Նրա տաղանդը դրսևորվել է նաև Երևանում ճարտարապետական գլուխգործոցների ստեղծմամբ։ Ամենանշանավոր նախագծերից է «Ռոսիա» կինոթատրոնը, որը դարձավ հայկական մայրաքաղաքի զարդը և արժանացավ ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի մրցանակին: Նրա նախագծերն են Երիտասարդական պալատը (ժողովրդական լեզվում տարածված է նաև «Կուկուրուզնիկ» անվանումը), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ինչպես նաև Դիլիջանում ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը, որը կարևոր հանգրվան է դարձել երկրի ճարտարապետական պատմության մեջ:
1985 թվականին Հրաչյա Պողոսյանը դարձել է համաշխարհային ճարտարապետական բիենալեի Գրան պրիի դափնեկիր՝ Գորիս քաղաքի թիվ 5 բնակելի թաղամասի նախագծի համար։
Իր կարիերայի ընթացքում նա բազմիցս արժանացել է ճարտարապետության բնագավառում ակնառու նվաճումների համար։ Հրաչյա Պողոսյանը խորհրդային ճարտարապետության հեղինակավոր մրցանակի դափնեկիր է, 1975 թվականին ստացել է ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետի կոչում: 1984 և 1985 թվականներին դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական մրցույթի հաղթող:
Հրաչյա Պողոսյանի վարպետությամբ և ներդաշնակությամբ լցված աշխատանքները շարունակում են ոգեշնչել ստեղծագործողների ապագա սերունդներին՝ անջնջելի հետք թողնելով հայկական ճարտարապետության և համաշխարհային մշակույթի պատմության մեջ: