Հրաձգության միջազգային մրցաշարում Հայաստանը 2–րդ ոսկե մեդալն ունի

15 Հունվարի 2024, 11:08

Սպորտ

Սլովենիայում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում ՀՀ–ն 2-րդ ոսկին վաստակեց: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում մրցելով Չեխիայի թիմի հետ 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։

Այս մրցաձևում նաև բրոնզե մեդալ ունենք։ Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան թիմային զույգը 574 (288/286) միավոր արդյունքով 3րդ հորիզոնականով դուրս եկավ բրոնզե եզրափակիչ։ Եզրափակչում մերոնք 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին կանգնեցին պատվո հարթակի 3րդ աստիճանին։

Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։

Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց՝

2 ոսկե մեդալ

• Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)

• Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)

1 արծաթե

• Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան)

1 բրոնզե

• Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)