Հրանտ Բատիկյան․ Ամբողջ կյանքը Հայաստանի գիտությանը նվիրած պրոֆեսորը
26 Դեկտեմբերի 2024, 23:40
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հրանտ Գևորգի Բատիկյանը գիտությունների վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։
Բատիկյանը ծնվել է 1909 թվականին ուսուցչի ընտանիքում, 1926 թվականին ընդունվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետ, 1930 թվականին՝ Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա։
Արդեն 1936-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1950-ին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Մինչև 1937 թվականն աշխատել է Լենինգրադի համամիութենական բուսաբուծության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Այնուհետև նա վերադարձել է Հայաստան և ակտիվ մասնակցություն ունեցել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիմնադրմանը։
Հրանտ Բատիկյանը դասախոսել է ԵՊՀ-ում և գյուղատնտեսական ինստիտուտում։ Իսկ 1943-1949 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ գենետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
30 տարի Բատիկյանը ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963 թվականին հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան։ 1950-1963 թվականներին և 1968-1978 թվականներին եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան: Նրա ջանքերով ստեղծվել են կենսաքիմիայի, հողագիտության և ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոնները։
1963-1966 թվականներին Հրանտ Բատիկյանը եղել է ԵՊՀ ռեկտոր, հեղինակ է 150-ից ավելի գիտական աշխատությունների, ձեռնարկների և մենագրությունների:
Նաև ավելի քան 30 տարի Հրանտ Գևորգիչը եղել է «Հայաստանի կենսաբանական հանդես» (1954-1978) ամսագրի խմբագիրը։
Հրանտ Բատիկյանը կյանքից հեռացել է 1983 թվականի մարտի 31-ին: