Հրանտ Դինքին սպանած Սամասթին ազատ արձակելը շատ կասկածելի է․ Տիրան Լոքմագյոզյան
17 Նոյեմբերի 2023, 23:45
Հրանտ Դինքին սպանած ազգայնամոլ Օգյուն Սամասթին ազատ արձակելը շատ կասկածելի է։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը` փորձելով բացատրել, թե ինչ ուղերձ են հղում Թուրքիայի իշխանությունները՝ նրան ազատ արձակելով։
«Սամասթին ավելի շուտ ազատ արձակելու փորձեր արվել են, բայց դիմումները երկու անգամ մերժվել են։ Այս անգամ չգիտես՝ ինչու, ընդունվել է։ Նրան ազատ են արձակել «լավ վարք դրսևորելու համար», բայց եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ հակառակն է եղել, և նրա պատիժը 5 տարի ու մի քանի ամսով ավելացվել էր՝ վատ վարք ցուցաբերելու համար»,- ասաց Լոքմագյոզյանը։
Թուրքագետի կարծիքով՝ այս պարագայում հարց է առաջանում, թե որ «լավ վարքի» հիման վրա են նրան ազատ արձակել։
«Հարձակվել էր ոստիկանների վրա, նույնիկս ասում են՝ դանակ էր ձեռք բերել և սպառնացել բանտապահին։ Այս ամենը շատ կասկածելի է, ու հարց է առաջանում, թե որ «լավ վարքի» հիման վրա են նրան ազատ արձակել։ Մենք չենք կարող ասել, թե ինչ նպատակ ուներ Թուրքիան՝ նրան ազատելով, բայց հստակ գիտենք, որ ինչ-որ բան թաքնված է այս ամենի հետևում»,- ընդգծեց Լոքմագյոզյանը։