Հրանտ Օհանյանց․ Խորհրդային Միության հերոսը

16 Ապրիլի 2025, 23:54

Հայեր

Ապրիլի 16-ը Խորհրդային Միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Օհանյանցի ծննդյան օրն է:

Օհանյանցը ծնվել է 1918 թվականին: Ավարտել է Նալչիկի մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետը։

Զորակոչվելով կարմիր բանակ՝ 1941 թվականին Անդրկովկասյան զինվորական օկրուգի 42-րդ հրաձգային դիվիզիայի գնդերից մեկի հատուկ դպրոցում անցել է դասընթացներ և նշանակվել հետախուզական դասակի հրամանատար։ 1942 թվականին ավարտել է Սմոլենսկի ռազմաքաղաքական ուսումնարանը և զրահատանկային վերապատրաստման դասընթացները։ Արդեն նույն տարվա վերջին կապիտան Օհանյանցը մտել է արյունալի մարտերի մեջ՝ իրեն դրսևորելով Հյուսիս-Կովկասյան, Հարավային և Ուկրաինական ճակատներում։

1944 թվականի օգոստոսին Հրանտ Օհանյանցը քաջաբար ղեկավարել է տանկային գնդի վաշտը՝ մասնակցելով Ռումինիայի ազատագրմանը, մասնակցել է հունգարա-ռումինական սահմանի մոտ ֆաշիստական զավթիչների դեմ մղված արյունալի մարտերին։ Թեժ մարտում էլ Հրանտ Օհանյանցը զոհվում է։

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության և արիության համար 1945-ին Հրանտ Օհանյանցը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։