Հրատարակվել է Թալին Սուչիյանի «Հայերը Թուրքիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» գիրքը

23 Փետրվարի 2025, 17:40

Մշակույթ

«I. B. Tauris» հրատարակչությունը, «Bloomsbury Publishing»-ը հայտարարել է դոկտոր Թալին Սուչիյանի «Հայերը Թուրքիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. քրեստոմատիա ԽՍՀՄ արխիվային հյուպատոսական փաստաթղթերի վերաբերյալ» գրքի լույսընծայման մասին: Գիրքը Բեդրոս Տեր Մաթոսյանի (Նեբրասկայի համալսարան, Լինկոլն) խմբագրած «Հայերը ժամանակակից աշխարհում» շարքի մի մասն է:

Այս գիրքը ընթերցողին ծանոթացնում է Ստամբուլում խորհրդային հյուպատոսության կողմից հավաքված և նոր հայտնաբերված արխիվային նյութերին:

Գիրքը պատմում է 1940-ական թվականներին Թուրքիայում հայերի կյանքի և փորձի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Խորհրդային Հայաստան արտագաղթի գործընթացին: Փաստաթղթերը, որոնք առաջին անգամ թարգմանվել են անգլերեն, բաղկացած են Խորհրդային պաշտոնյաների զեկույցներից և Ցեղասպանությունից հետո վերապրածների վկայություններից, ինչը անգնահատելի ներդրում է վկայությունների առկա հավաքածուներում:

«Հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» գիրքը լույս է սփռում ցեղասպանությունից հետո Թուրքիայի նահանգներում մնացած տասնյակ հազարավոր հայերի կյանքի վրա։ Այս հազվագյուտ ռեսուրսը, որը ներկայացված է ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով, պարունակում է Խորհրդային Հայաստան արտագաղթելու ձգտող հայերի պատմությունները, որոնց գոյությունն ու փորձն ամբողջությամբ ջնջվել են թուրքական և հայկական հիմնական պատմագրություններից:

«Սա հետաքրքրաշարժ աշխատանք է, որը լույս է սփռում այն դժվարությունների վրա, որոնց բախվել են հայերը Թուրքիայում ցեղասպանությունից հետո: Սուչիյանը զգալի ներդրում է ունեցել ցեղասպանությունից հետո Թուրքիայում ապրոց հայերի պատմության մեջ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձության հետ հետ կապված», — ասել է շարքի խմբագիր Տեր Մաթոսյանը:

«horizonweekly»-ը տեղեկացնում է, որ գիրքը էլեկտրոնային տարբերակով կարելի է ձեռք բերել «Bloomsbury Press» կայքում և առաջարկում կայքի checkout-ում մուտքագրել GLR at8 կոդը bloomsbury.com և ստանալ 35% զեղչ: