Հրայր Հովնանյան․ Հայ ժողովրդի նվիրյալ զավակը

11 Սեպտեմբերի 2024, 23:06

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 11-ին ամերիկահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի ծննդյան օրն է։

Հովնանյանը ծնվել է Իրաքի Քիրքուկ քաղաքում հայկական ընտանիքում, որին հրաշքով հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ 30 տարի անց ներգաղթել է ԱՄՆ։

Նա ավարտել է Վիլանովայի համալսարանը, այնուհետև դարձել է նույն համալսարանի առևտրական գիտությունների պատվավոր դոկտոր։

Հրայրը գործարար և բարերար Վահագն, Ժիրայր և Գևորգ Հովնանյանների հայտնի եղբայրներից է։ Լինելով շատ համախմբված՝ չորս եղբայրներն էլ անհավանական բարձունքների են հասել՝ չմոռանալով պատմական հայրենիքի ու նախնիների մասին։

Հրայրը և եղբայրները Նյու Ջերսիում հիմնել են իրենց սեփական շինարարական ընկերությունը՝ «Hovnanian Enterprises, Inc.»-ը: Մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարողացել է դառնալ լավագույններից մեկը նահանգում, իսկ 1961 թվականին արժանացել է մրցանակի՝ որպես լավագույն շինարարական ընկերություն։

Բացի այդ, Հրայր Հովնանյանը Հայ Կոնգրեսի հիմնադիրներից է, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

1996 թվականին եղբայրները Վաշինգտոնում հիմնել են ANI ինստիտուտը (Հայկական ազգային ինստիտուտ), որը զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։

Հրայր Հովնանյանը նաև առաջին մեծահարուստ հայերից է, ով տուն է կառուցել հայրենիքում և ապրել է իր հողի վրա:

Ի դեպ, Հովնանյան եղբայրները Նյու Ջերսիում հայկական սփյուռքի ամենաակտիվ ներկայացուցիչներից էին և աջակցում էին Հայաստանի և Արցախի մշակութային, կրթական և գիտական նախագծերին։

Հրայր Հովնանյանը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին։