Հրայր Խաչերյանը Ֆրեզնոյում կներկայացնի խաչքարերի մասին նոր գիրքը
06 Նոյեմբերի 2024, 12:50
Լուսանկարիչ Հրայր Հոք Խաչերյանը նոյեմբերի 14-ին Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանում կներկայացնի իր նոր գիրքը՝ «Խաչքարեր. Հայաստանի խորհրդանշական արվեստը» վերնագրով։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ժամը 19.00-ին, Համալսարանական բիզնես կենտրոնում, որը գտնվում է 5245 N. Backer Ave., Alice Peters Auditorium, Ֆրեզնոյի նահանգի համալսարանում:
Խաչերյանը ծնվել է 1961թ. Լիբանանում: 1982 թվականին նա Կալիֆորնիայում ստացել է կոմերցիոն օդաչուի արտոնագիր: 1984 թվականին տեղափոխվել է Կանադա, աշխատել Տորոնտոյում որպես ազատ ֆոտոլրագրող։ 1988 թվականին ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանն առնչվող հայկական սփյուռքի տարբեր միջոցառումներին։
Արդեն շուրջ երեք տասնամյակ Հոքը ներկայացնում է ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, լուսանկարչական դասախոսություններ ամբողջ աշխարհով մեկ՝ դարձնելով Արցախը, Հայաստանն ու Արևմտյան Հայաստանը բոլորի համար հասանելի իրականություն: Նրա լուսանկարները հայտնվել են բազմաթիվ ամսագրերում, թերթերում, գրքերում և հրատարակություններում:
Խաչերյանը հասել է բիբլիական Արարատ լեռան գագաթը՝ հայերի սրբազան խորհրդանիշը, և այդ առասպելական վայրում հանդիսավոր կերպով վերահաստատել է իր հանձնառությունն ու երդումը՝ հետամուտ լինելու իր գործին։
Շնորհանդեսը մաս է կազմում «Գրեյս և Փոլ Շահինյան․ հայ քրիստոնեական արվեստ»-ի մատենաշարի և համաֆինանսավորվում է ՀԲԸՄ Ֆրեզնոյի մասնաճյուղի կողմից:
Խաչերյանի շնորհանդեսը կհեռարձակվի նաև YouTube-ի էջում։