Հրետակոծությունից հետո գյուղից ոչ ոք դուրս չի եկել. Նոր Ղազանչիում մարդիկ փորձում են բնականոն կյանք վերադառնալ

04 Հուլիսի 2023, 09:10

Հայեր | Քաղաքականություն

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ադրբեջանական վերջին սադրանքից հետո փորձում են վերադառնալ բնականոն կյանքի:

«Հրետակոծությունից հետո գյուղից ոչ ոք դուրս չի եկել: Այդ ընթացքում ստիպված էինք կանանց ու երեխաներին տեղափոխել գյուղի մոտակա՝ համեմատաբար ապահով տարածք, իսկ քիչ ավելի ուշ մեկ հղի կնոջ ճանապարհել ենք Ստեփանակերտ, քանի որ բժիշկների վերահսկողության ներքո գտնվելու կարիք էր առաջացել»,-պատմել է Նոր Ղազանչիի համայնքապետ Ռուսլան Առուստամյանը:

Համայնքի ղեկավարը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ թշնամու մարտական դիրքերից ականանետային հրետակոծությունն ու անօդաչու թռչող սարքի կիրառումը գյուղամերձ տարածքում է եղել, այն դեպքում, երբ համայնքում տասնյակից ավելի երեխաներ կան:

Ռուսլան Առուստամյանի խոսքով՝ շրջափակման հետևանքով գյուղում պարենամթերքի՝ հատկապես ալյուրի, ձեթի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակաս կա:

Շատ է դժվարացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացումը: Վարելահողերի մեծ մասը գտնվում է շփման գծի տարածքում, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, գյուղացիենրը չեն մշակում:

«Մեր գյուղի և Կիչան համայնքի վարելահողերը հարևանությամբ են գտնվում: Անցած տարի այդ տարածքում ադրբեջանական դիրքերից կրակեցին դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ, ինչի պատճառով մարդիկ այդ հատվածում խուսափում են աշխատել»,- մանրամասնել է Առուստամյանը և հավելել, որ եղած բերքը, որպես ձմեռվա պաշար, անբավարար կլինի: