Հռոմի Պապը «Բարի արժանիքի» շքանշան է շնորհել Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին

25 Հունվարի 2024, 00:53

Հայեր

Սույն թվականի հունվարի 23-ին Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի («Angelicum») հանդիսությունների սրահում տեղի ունեցավ  Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին 2003 թվականից հանձնախմբի աշխատանքներին իրենց նպաստը բերած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ աստվածաբանները:

Երկու եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության արդյունքներն ամփոփող զեկույցներով հանդես եկան հանձնախմբի համաատենապետեր կարդինալ Կուրտ Կոխը (Քրիստոնեական միության խրախուսման բաժանմունքի ղեկավար), հանձնախմբի պատվո համաատենապետ, գերմանացի նշանավոր աստվածաբան կարդինալ Վալտեր Կասպերը, Ղպտի եկեղեցու կողմից` հանձնախմբի համաատենապետ Կյուրեղ եպիսկոպոսը (Լոս Անջելեսում Ղպտի եկեղեցու փոխանորդ-եպիսկոպոս), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` հանձնախմբի անդամ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կաթոլիկ Եկեղեցուց` հանձնախմբի նախկին անդամ Հայր Ֆրանս Բոուվենը։

Հանդիսավոր արարողության ընթացքում Կաթոլիկ-Արևելյան Եկեղեցիների պաշտոնական երկխոսության և երկու եկեղեցական ընտանիքների հարաբերությունների զորացմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի անունից կարդինալ Կուրտ Կոխը «Բարի արժանիքի» շքանշան («Benemerenti Medal») հանձնեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Հայր Ֆրանց Բոուվենին։ 

Հանդիսությանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կաթոլիկ և Արևելյան եկեղեցիների միջև երիտասարդ հոգևորականների ճանաչողական փոխայցերի շրջանակներում Հռոմում գտնվող ԳՀՃ կրթական գծով փոխտեսուչ,  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, Մայր Աթոռի «Վաչէ և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը և Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։