Հռոմի պապը Ստամբուլի հայկական եկեղեցուց ողջույն է հղել Գարեգին Բ-ին
30 Նոյեմբերի 2025, 15:00
Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն 14-րդը հանդես է եկել ուղերձով, որում ողջունել է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին:
Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել դարերի ընթացքում հայ ժողովրդի «խիզախ քրիստոնեական վկայության» համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետը նշել է, որ այն պահպանվել է նույնիսկ պատմության ամենաողբերգական շրջաններում։
Լևոն 14-րդը մատնանշել է Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների միջև աճող եղբայրական կապերը՝ հիշեցնելով 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ պապի և Վազգեն Ա Կաթողիկոսի միջև ստորագրված առաջին համատեղ հռչակագիրը:
«Այդ ժամանակից ի վեր, Աստծո ողորմածությամբ, մեր եկեղեցիների միջև գթասրտության երկխոսությունն ընդլայնվում է»,-ասել է պապը: