Հռոմում անցկացվել է Արցախի սրբավայրերի պահպանությանը նվիրված գիտաժողով
25 Նոյեմբերի 2024, 14:22
Նոյեմբերի 18-19-ին Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում կայացել է «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, ինչպես նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի ու կրթության բաժինների հովանավորությամբ։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արցախի սրբավայրերի պահպանության կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն ոչ միայն հայկական ժառանգության, այլև ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Ընդգծվել է, որ սրբավայրերի պահպանումը կարող է նպաստել խաղաղ համակեցությանը և համաշխարհային մշակութային արժեքների պահպանմանը։