Հռոմում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները
07 Նոյեմբերի 2023, 20:10
Հռոմում կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Ադրբեջանի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։
Հստակ նախագծերի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում։