Հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք Արցախը մենակ էր․ Արցախի թեմի առաջնորդ
06 Հունվարի 2024, 11:35
Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ, և տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։
Այս մասին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագի ժամանակ հայտարարել է պատարագիչ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ցավով շեշտելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները դիմավորում են իրենց փայփայած օջախներից հեռու։
Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
«Հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իմ որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար»,- ասել է Վրթանես Սրբազանը։
Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք բարձրացրեց առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։
Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա էին նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։