«Հյուսիս-Հարավ» ճյուղը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար․ Եվգենյա Գորյուշինա

03 Դեկտեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար Եվգենյա Գորյուշինան «Հարավային Կովկասի էներգետիկան և տրանսպորտը աշխարհաքաղաքական հեռանկարում» կլոր սեղանի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցության և էներգետիկայի ոլորտում Արևմուտքի և Թուրքիայի նոր խոշոր նախագծերին, ինչպես նաև պատասխանել է հարցին՝ արդյոք Ռուսաստանը կհամադրի՞ դրանք «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ։

«Ռուսաստանն իրականում նայում է երկու տեսանկյունից։ Առաջինը տարբեր ձևաչափերի հաղորդակցությանը և երկրների հետ փոխգործակցությանն ինտեգրվելու հնարավորությունն է՝ հաղորդակցության, էներգետիկ միջանցքների, գազային և նավթային միջանցքների, լոգիստիկ երթուղիների միջոցով։ Մյուս կողմից՝ ՌԴ սահմանների մոտ ցանկացած ակտիվություն Մոսկվայի մոտ մտահոգություն է առաջացնում։ Ռուսաստանի նման արձագանքն արդեն ավանդական է դարձել։ Այնուամենայնիվ, դա ստիպում է բոլոր որոշումներ կայացնողներին մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանը կարող է շահել այդ գործընթացներից և ինչպես կարող է ինտեգրվել այդ ձևաչափերին։ Քանի որ ձևավորվում է բազմաբևեռ աշխարհի նոր իրողություն, որտեղ Ռուսաստանը, ինչպես մյուս պետությունները, փորձում է առավելագույնս հարմարվել համագործակցության նոր ձևաչափերին, որոնք արտահայտված են նման միջանցքների և լոգիստիկ ուղիների տեսքով»,- նշել է Գորյուշինան։

Փորձագետի խոսքով՝ չնայած նրան, որ արևմտյան փորձագետները չեն ընդունում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, դրան կմիանան նաև Հարավային Կովկասի պետությունները։

«Արևմտյան շատ փորձագետներ չեն ընդունում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը և արտասահմանյան աղբյուրներում այն անվանում են ռուս-իրանական նախագիծ․ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքը բազմակողմ նախագծի մասին է։ Այն փաստը, որ Ադրբեջանն ակտիվորեն միանում է դրան, ցույց է տալիս, որ դա բացառապես ռուս-իրանական նախաձեռնություն չէ։ Կարծում եմ, որ երբ Ադրբեջանը ներգրավվի, կմիանան նաև Հարավային Կովկասի մյուս պետությունները։ «Հյուսիս-Հարավ» ճյուղը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար և իսկապես ներկայումս նրա առաջատար նախագիծն է։

Կարծում եմ՝ գրագետ կառավարման դեպքում Ռուսաստանին կհաջողվի ոչ միայն առաջ մղել «Հյուսիս-Հարավ»-ի վերաբերյալ հռետորաբանությունը, այլև հասնել դրա գործնական իրականացմանը»,- հայտարարել է Գորյուշինան։