Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ հայրենիքը կտոր-կտոր բզկտվում է. Կարինե Ջանջուղազյան
27 Մարտի 2025, 22:30
Կոնկրետ այս ժամանակահատվածում ես խաղաղություն չեմ տեսնում և չեմ հավատում դրան: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին:
«Միշտ ասել եմ՝ եթե ուզում ես թուրքի հետ բարեկամություն անել, պատրաստվիր պատերազմի: Չգիտեմ, գուցե գա մի ժամանակ, որ կարողանանք բարեկամանալ, բայց հիմա դա չեմ տեսնում: Ես տեսնում եմ քնած գազանի, արնախում գիշատիչի, որն արթնացել է: Մենք պետք է ամեն գնով պաշտպանվենք և հակահարձակման գնանք, գազանին պետք է իր տեղը ցույց տանք: Եվ մենք դա կարող ենք, քանի որ վախկոտ ազգ չենք, ինչպես մեզ համոզում են: Ես ինձ պարտված չեմ զգում, բայց փոխարենը դավաճանված եմ զգում: Ես որպես հայ,ինձ ունակ եմ զգում հաղթելու, և մեր ժողովուրդն էլ կարող է հաղթել»,- նշել է Ջանջուղազյանը:
Ըստ դերասանուհու՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ հայրենիքը կտոր-կտոր բզկտվում է:
«Ինչ խաղաղության պայմանագիր, նույնիսկ չկա մեկը, որ գիտի՝ ինչ է այնտեղ գրված, ինչ է մեզ պարտադրված: Մենք միշտ չգիտենք, թե ինչի տակ ենք ստորագրում: Հայ ժողովուրդը ծանո՞թ է այդ տեքստին, դրույթներին, կամ ինչի տակ ենք ստորագրելու առհասարակ: Կույր-կույր չգիտեմ՝ ուր ենք գնում: Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ մեր հայրենիքը կտոր-կտոր բզկտվում է, օր օրի փոքրանում ենք: Արցախի այսպես կոչված պարտությունը, թեև դա պարտություն չէր՝ հանձնում էր, մեզ շատ մեծ ցավ է պատճառել: Մենք դեռ կարիք ունենք ուշքի գալու այդ ցավից, Արցախը հայրենիք է, իսկ հայրենի հող կորցնելուց հետո այդան էլ հեշտ չէ ուշքի գալը: Բայց հիմա էլ, ամեն օր վախի մթնոլորտում պահելով, մեզ ստիպում են տարածքներ զիջել»,- եզրափակել է Ջանջուղազյանը: