Ի պաշտպանություն Արցախի` հանրահավաք կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

15 Սեպտեմբերի 2023, 23:32

Քաղաքականություն

Սեպտեմբերի 18-ին եւ 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ, հայ համայնքի ներկայացուցիչները հանրահավաք են անցկացնելու՝ ի պաշտպանություն Արցախի։

Alpha News-ի հետ զրույցում դերասանուհի, համայնքային ակտիվիստ Շողեր Գրիգորյանը կոչ է արել ամերիկահայերին միանալ այդ հավաքներին ու եւս մեկ անգամ լսելի դարձնել 9 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախի խնդիրը։

«Աջակցության կարիք կա, որովհետեւ այդ օրերին ՄԱԿ-ում քննարկվելու են անվտանգությանն առնչվող հարցեր, իսկ մեզ համար անվտանգութունն ասոցացվում է Արցախի հետ։ Մենք ուզում ենք այդ օրերին փողոցում լինել՝ Արցախի դրոշներով, որպեսզի մեր մասին հիշեցնենք, մեր մասին քննարկում լինի»,- ասաց նա։ 

Այդ օրերին ակցիաներ տեղի կունենան նաեւ եվրոպական վեց երկրներում։ Նամակ կփոխանցվի այդ երկրների եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների համապատասխան պետական մարմիններին։ Շողեր Գրիգորյանը չբացահայտեց, թե ինչ բովանդակություն ունի այդ նամակը՝ շեշտելով միայն, որ հայ համայնքի գլխավոր պահանջը Արցախի ապաշրջափակումն է։ 

«Մենք պետք է միասնական լինենք, հայկական համայնքը թուրքերի համար վտանգ է ներկայացնում, մենք պետք է պահենք այդ ստատուսը, մենք չենք կարող երկար մնալ ապատիայի մեջ, եթե մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, ուրեմն պետք է դուրս գանք փողոց ու իրավիճակ փոխենք։ Արցախն իրավունք ունի ապրելու ու 120 հազար հայի կյանքը թանկ է»,- հավելեց նա։