Իմ անունով 600 000 դրամ վարկ է ձևակերպվել, բայց ես դրա հետ կապ չունեմ. Մարինե Խաչատրյան
02 Հունիսի 2025, 21:20
Քաղաքացի Մարինե Խաչատրյանը Alpha News-ի հետ զրույցում պնդում է, որ ինքը դարձել է Արդշինբանկի խաբեության զոհ: Ըստ նրա՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին իր անունից վարկ է ձևակերպվել, ինչպես նաև անհետացել է իր հաշվեհամարի գումարը:
«Ձևակերպվել էր 600 000 դրամ վարկ, 10 տարով, 24%-ով: Ինձ բանկից զանգեցին ու ասացին, որ իմ անունով վարկը հաստատվել է, բայց դրանից առաջ ես բանկի Նոր Նորքի մասնաճյուղում էի, ինձ տեղեկացրին, որ հաշվիս գումար չկա, բայց վարկի մասին բան չասացին: Ես դրանից հետո գնացի քննիչի մոտ, որտեղ ինձ զանգ եկավ ու տեղեկացրին, որ իմ անունով վարկը հաստատվել է, բայց ես չէի դիմել վարկ ստանալու համար, կապ չունեի դրա հետ, ես գումարի կարիք չունեի»,- պատմեց Մարինե Խաչատրյանը:
Մարինեն դիմել է ֆինանսական հաշտարարին, բայց իր խոսքով՝ հաշտարարը համոզել է վարկը մարել, բայց ինքը չի համաձայնել: Վարկն ըստ Մարինեի՝ սառեցված չի: Նա պատկան մարմիններից պահանջում է պատշաճ հետաքննել դեպքը և վերադարձնել կորցրած գումարը: