«Իմ Արցախ». համերգին հնչել է ազգային երաժշտություն
07 Հուլիսի 2023, 15:29
Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախմբի և Արցախի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգի մեկնարկը տրվել է Մակար Եկմալյանի «Սուրբ Սուրբ» ստեղծագործությամբ, որը հարգանքի տուրք էր և երախտագիտության արտահայտում սուրբ նահատակների հիշատակին:
«Մենք ներկայացնում ենք ազգային, դասական երաժշտություն` ակադեմիական մակարդակով, բայց ազգային նվագը յուրահատուկ նշանակություն ունի, և երկու կոլեկտիվների համար էլ սա արդյունավետ նախաձեռնություն է»,- «Արցախպրեսի» հետ զրույցում մանրամասնել է դիրիժոր Լևոն Սարդարյանը:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվել մոնումենտալ ստեղծագործություններ, առավել բարդ ու բազմաձայն, հնչեղ կատարումներ: Երաժիշտների նվագն ուղեկցվում էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների կատարումներով:
Համերգը եզրափակվել է Հասմիկ Հախվերդյանի «Իմ Արցախ» ստեղծագործության կատարմամբ: