Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. ես լքում են կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան
27 Փետրվարի 2026, 09:52
Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Աննա Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։
Այսօր փետրվարի 25-ին (նկատենք, որ այսօր փետրվարի 27–ն է, հավանաբար տեսանյութը նկարահանվել է 2 օր առաջ և միայն հիմա է հրապարակվում–խմբ) ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսիու վարորդները, տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես, թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից և հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել:
Փաստ առաջին, ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնել ենք, գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է։ Հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան, այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ հաշիվներ ունեմ դոլարային օֆշորային գոտիներում, չգիտեմ դղյակներ և այլն և այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվեհամարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կագումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից և եկամուտային հարկի վերադարձից կուտակված գումար։
Դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ, կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ինձ տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք և խնդրում եմ նաև չվիրավորեք, որովհետև անցած մոտ ութ տարվա ընթացքում և բավարար չափով վիրավորանք, լսել եմ։
Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարձու աշխատանք է, ինչը ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար։ Բացի այդ, դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողի մինչև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք, կտեսնենք»։
Այնուհետեւ Աննա Հակոբյանը ցուցադրում է իր զարդերը՝ նշելով. «Անհրաժեշտ եմ համարում նաև ձեզ ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել և թերևս մի յոթ ամիս առաջ հանձնվել են ինձ։
Սրանցից ոմանք կրել են, ոմանք նույնիսկ չեմ կրել։ Բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը և այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։
Սիրելի ժողովուրդ, այս տուփերի մեջ անձնական հագուստը և անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։
Բայց քանի որ ինչ-որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում, մի բան կա, որի մասին ուզում եմ ձեզ հատուկ ասել։ Խոսքը վերաբերվում է անցած ութ տարիների ընթացքում, որպես վարչապետի տիկին իմ տարբեր հարթակներում ներկայացած կերպարներին, որոնք, որոնց հետ կապված հսկայական աժիոտաժ է եղել, քննադատություն և այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ամբողջ ընթացքում զգեստապահարան ձևավորելու և այլնի համար ես չեմ ունեցել գումար, զրո բյուջե է եղել և ես այս տարիների ընթացքում, բառիս բուն իմաստով, աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում տարբեր կերպ ներկայանալու համար։ Եվ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք իհարկե։
Ես ուզում եմ նորից առիթից օգտվելով հազարերորդ անգամ շնորհակալություն հայտնել այն դիզայներներին, ովքեր ինձ օգնել են այս իրավիճակից ինչ-որ ձևով դուրս գալ և համագործակցել են։
Իսկ համագործակցությունը եղել է հետևյալ կերպ, նրանք տարբեր միջոցառումների համար կամ կարել են կամ ունեցած իրենց հագուստից տվել են հագուստ, ես կրել եմ և վերադարձրել եմ իրենց, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ նորից ներողություն եմ խնդրում նրանց մեծապես հարվածի դնելով, պայմանավորված իմ կերպարով և այլն։
Այսպեսով, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, այն խնամքով, որ ուղղվում է սիրած էակին։
Ես կարծում եմ, որ այս մոտ ութ տարիների ընթացքում իմ գործողություններով համենայն դեպս, դրանց հիմքում միայն եղել է սերը և հոգատարությունը ձեր և պետության հանդեպ։ Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։
Բացի այդ, Աննա Հակոբյանը նաև գրառում է արել, որտեղ նշել է. « Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»։
Ի պատասխան այս ամենին՝ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։