Իմ կենսագրությունը ևս գրականություն է. Մարգարիտ Դերանց
26 Փետրվարի 2025, 19:30

Փետրվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ, առաջնորդարանի «Արմեն Համբար» սրահում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի գրողների միությունների անդամ, լոսանջելոսաբանակ Մարգարիտ Դերանցի գրքերի շնորհանդեսը:
«Կարևոր է, որ մենք այստեղ, մեր կողքին այսպիսի գրող ունենք: Նա իր ստեղծագործությամբ ստեղծում է կապ հայրենիքի հետ: Ինքն իր ստեղծագործությամբ, իր կենսագրությամբ, իր գործունեությամբ մարմնավորում է այդ կապը և պատահական չէ, որ իր գրքերը լույս են տեսնում Երևանում, լույս են տեսնում Լոս Անջելեսում: Այս բացառիկ փաստը հենց դրա մասին է վկայում»,- իր ողջույնի խոսքում ասել է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային հարաբերությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանը:

«Իմ կենսագրությունը ևս գրականություն է և տեղին է այս պահին ասել իմ կենսագրության համար շատ կարևոր մի փաստ. ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 9-ը տարեկանից տեղափոխվել եմ Երևան, քսանմեկ տարի ապրում եմ Լոս Անջելեսում, ուստի կարող եմ ասել, որ Արցախ, Հայրենիք և Սփյուռք եռամիությունն իմ կենսագրությունն է և իմ ճակատագիրը: Այդ եռամիության տրոհումը հավասարապես ինձ է վերաբերվում և ես շատ ծանր եմ տանում այս իրողությունը», — նշել է արձակագիր Մարգարիտ Դերանցը:
44-օրյա պատերազմից հետո գրողը գնացել է իր հայրենիք, ասում է՝ դպրոցներում, փողոցներում, ամենուր սև ժապավեններ էին, բայց Արցախն ապրում էր, թատրոնը գործում էր, երաժշտական դպրոցներն աշխատում էին, մշակութային օջախներում եռուզեռ էր և իրեն թվում էր, համոզված էր՝ չկա աշխարհում մի ուժ, որ կկարողանա կոտրել արցախցու կամքը:

2020 թվականի պարտությունից հետո, հայրենիքի ապագայի հանդեպ մեծ տագնապից և ահռելի մեծ ցավից ծնվում է նրա «Գմբեթավոր հովանոց» վեպը:
Մարգարիտ Դերանցի գրքերը թարգմանվել և հրատարակվել են տարբեր լեզուներով: Նա արժանացել է Ռուսաստանի Դաշնության «Литературная газета» թերթի տարվա գրան պրի մրցանակին: Նրա՝ «Սեր և ինտեգրացիա» վեպն անցել է ամերիկյան գրական մրցանակաբաշխության առաջին փուլ, նույն տարի այն թարգմանվել և հրատարակվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2024 թ. ՀԳՄ ամենամյան գրական մրցանակաբաշխությունում արցախյան պատերազմին նվիրված «Գմբեթավոր հովանոց» վեպն արժանացել է Չարենցի անվան մրցանակի:
