Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան

18 Մայիսի 2024, 15:29

Քաղաքականություն

Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա։ Այս մասին կուսակցությունների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Հարցին՝ լայն կոնսոլիդացիա կա՞ որպես վարչապետի թեկնածու Ձեր անձի շուրջ, ե՞րբ է հայտարարվելու դրա մասին, Սրբազանն ասաց․

«Դա ընդամենը ցանկության տիրույթում է։ Այն ինչ անընդհատ հրապարակում քննարկվում է քաղաքական կուսակցություններն իրենց մտածումները, ըմբռնումներն են արտահայտել, դա որոշում չէ։ Իսկ որոշում կայացնելուց ես պետք է նախ Վեհափառ Հայրապետի հետ խոսեմ՝ հասկանալու համար ի վերջո մենք այդպես ենք գնալու, թե՝ այլ ճանապարհով։ Վեհափառի հետ հանդիպումը կլինի մյուս կիրակի»։

Հարցին՝ փողոցային անհնազանդության ակցիաների դադար է կարծես, նա պատասխանեց՝ դուք դադա՞ր եք տեսնում։

«Հիշե՛ք, այս շարժումն օրակարգ, ծրագիր, քայլաշար և թիրախ ունի։ Ես տասը տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլ եմ խաղացել, վերջին պաշտպան եմ եղել և՛ դարպասը պահելու, և՛ դաշտը մաքրելու, և՛ փոխանցումները ճիշտ կատարելու, և՛ նախապատրաստելու, գոլ խփելու հնարավորությունն եմ ունեցել։ Ստադիոնում, երբ խաղի մեջ ես, հազարավոր ձայներ կան, հայհոյողների, տարբեր տեսակի պաստառ բռնողների շեղող ձայներ, բայց նաև կողմնակիցների մեջ կան շեղող ձայներ, որը բարի ցանկությունների տիրույթից է և ցանկանում են, որ արդյունք արձանագրվի ,այդ բոլոր ձայները օգնում են քեզ կենտրոնանալու, բայց ընթանալու այն ցուցումներով, որը տվել է մարզիչը և նպատակ, ու թիրախ ունենալով արդյուքն արձանմագրել։ Հիմա մենք այդ նույն իրավիճակում ենք»,- հայտարարեց նա։